38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի-2

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի-2
13.09.2024 | 12:37

(սկիզբը՝ այստեղ)

Ուկրաինան իր արևմտյան դաշնակիցներին վաղուց էր ակտիվորեն կոչ անում վերացնել Ռուսաստանին հեռահար զենքով հարվածելու բոլոր սահմանափակումները՝ բացատրելով, որ դա թույլ կտա խոցել նաև օդանավակայանները, որոնցից թռչում են թևավոր հրթիռներ և կառավարվող ավիացիոն ռումբեր արձակող ինքնաթիռները:
Մայիսին ԱՄՆ- ը, բացառությամբ ավելի քան 300 կմ հեռահարության ATACMS օպերատիվ- մարտավարական բալիստիկ հրթիռների, վերացրել էր ՌԴ տարածքին հարվածելու համար հեռահար զենքի օգտագործման արգելքը: ԱՄՆ նախագահը Խարկովի մարզում ՌԴ ԶՈւ հարձակման ֆոնին Ուկրաինային թույլ էր տվել ամերիկյան զենքով հարվածել Խարկովի մարզին (ըստ այլ տեղեկությունների, նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերին) սահմանակից ՌԴ տարածքներում գտնվող թիրախներին:

Իսկ վաղն արդեն ուրբաթ է և 13- ը…
Վաղը՝ սեպտեմբերի 13-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպման ժամանակ քննարկվելու է Ռուսաստանի տարածքի խորքին արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների թույլտվության խնդիրը: Ըստ որոշ քաղաքական գործիչների, քաղաքագետների և վերլուծաբանների, այդ թույլտվությունն արդեն սկզբունքորեն տրված է, վաղն այդ մասին պարզապես հայտարարվելու է պաշտոնապես:
Հիմա խոսքն արդեն նաև ATACMS հրթիռներով ՌԴ տարածքի խորքը հարվածելու, ինչպես նաև Ուկրաինային, տարատեսակից կախված, 370- 1300 կմ հեռահարության JASSM «օդ- երկիր» դասի թևավոր հրթիռներ (https://ru.wikipedia.org/wiki/AGM-158_JASSM#%D0%A2%D0%B0%D0%BA%D1%82%D0%B8%D0%BA%D0%BE-%D1%82%D0%B5%D1%85%D0%BD%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5_%D1%85%D0%B0%D1%80%D0%B0%D0%BA%D1%82%D0%B5%D1%80%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8 , https://nevskii-bastion.ru/agm-158-jassm/ ) ու դրանցով ՌԴ տարածքի խորքին հարվածելու թույլտվություն տրամադրելու մասին է:
Երեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հնարավոր էր համարել, որ Վաշինգտոնը թույլ կտա Կիևին ամերիկյան ATACMS հրթիռներով հարվածներ հասցնել ՌԴ տարածքի խորքին:

Բայդենը հայտարարել է, որ աշխատում են Ուկրաինայի զինված ուժերին ՌԴ- ի խորքերը հարվածներ հասցնելու թույլտվության հարցի շուրջ
Ինչպես երեկ տեղեկացրեց «Российская газета»– ն , ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Ռուսաստանին հեռահար զենքով Ուկրաինայի ԶՈւ հարվածների հնարավորության մասին: Նա հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերին ՌԴ- ի խորքերը հարվածներ հասցնելու թույլտվության հարցի շուրջ աշխատելու մասին: Բայդենը լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնում քննարկվում է այն հարցը, որ Ուկրաինային թույլատրվի հեռահար զենք օգտագործել Ռուսաստանի խորքերը հարվածելու համար.
«Մենք աշխատում ենք դրա վրա հենց հիմա»,- ասել է նա լրագրողներին՝ ի պատասխան համապատասխան հարցի:
Նշենք, որ Ուկրաինան օգոստոսի վերջին ԱՄՆ – ին էր փոխանցել ՌԴ- ում հնարավոր հարվածների թիրախների ցանկը:

Կարագանովը կոչ է արել հարվածել Արևմուտքի երկրներին՝ ի պատասխան ՌԴ խորքն Ուկրաինայի հարվածների
ՌԴ Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության պատվավոր նախագահ, տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի գիտական ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Կարագանովը «Коммерсантъ»– ին տված հարցազրույցում հնարավոր է համարել Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին հարվածներ հասցնելը, եթե ուկրաինական հարվածները խորանան Ռուսաստանի տարածքում: Որպես նման հարվածի օրինակ նա բերել է 2023 թվականի գարնանը Կրեմլի ուղղությամբ Ուկրաինական դրոնների հարձակումները։
«Եթե դրոնը նորից թռչի Կրեմլով, ապա ինչու սկզբում սովորական հրթիռային հարված չհասցնել Ռայխստագին,- ասել է նա։- Թող այրվի»:
Պարոն Կարագանովն ընդգծել է, որ առաջին պատասխան հարվածները չպետք է լինեն միջուկային: Առաջին հերթին, ըստ նրա, անհրաժեշտ է հարվածել ՆԱՏՕ- ի երկրների տարածքում գտնվող օբյեկտներին, որոնք կարևոր դեր են խաղում Ուկրաինային սպառազինություն մատակարարելու գործում:
«Եթե դա էլ նրանց չկանգնեցնի, ապա առաջ գնալ»,- ասել է քաղաքագետը:
Կարագանովը նաև անհրաժեշտ է համարել ռուսական միջուկային դոկտրինում ներառել «միջուկային էսկալացիա» հասկացությունը, և պարզաբանել, որ այս ամենը նախնական քայլեր են, որոնք «պայմանական կամ իրական հակառակորդին կհամոզեին, որ մենք պատրաստ ենք (միջուկային զենք կիրառել.- «Կոմերսանտ»)»:

Պուտինը նախազգուշացրել է հեռահար զենքով Ռուսաստանին հարվածելու հետևանքների մասին
Խոսելով Ուկրաինային՝ ՌԴ տարածքի խորքում թիրախներին հարվածելու հնարավոր թույլտվության մասին, Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ակնարկել էր միջուկային զենքի կիրառման մասին։
«Այս անընդհատ էսկալացիան կարող է հանգեցնել լուրջ հետևանքների,- ավելի վաղ, «Газета.Ру»– ի տեղեկացմամբ , ասել էր ՌԴ նախագահը Տաշքենդի օդանավակայանում Ուզբեկստան կատարած այցի արդյունքների մասին խոսելու ընթացքում:- Եթե այդ լուրջ հետևանքները տեղի ունենան Եվրոպայում, ինչպե՞ս կվարվի Միացյալ Նահանգները՝ նկատի ունենալով ռազմավարական սպառազինությունների ոլորտում մեր հավասարությունը։ Դժվար է ասել: Նրանք ուզում են գլոբալ հակամարտությո՞ւն»:
Ռուսաստանին հարվածելու համար մեծ հեռահարության արևմտյան սպառազինությունների կիրառումը «կնշանակի, որ ՆԱՏՕ-ի երկրները, ԱՄՆ- ը, եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ»,- РБК- ի տեղեկացմամբ , հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հայտարարել է, որ Ուկրաինան ի վիճակի չէ ինքնուրույն նման հարվածներ հասցնել։ ՌԴ նախագահի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ միայն ՆԱՏՕ- ի արբանյակների տվյալների օգտագործման դեպքում, որոնք Ուկրաինան չունի, բացի այդ, միայն դաշինքի զինծառայողները կարող են թռիչքային առաջադրանքներ կատարել (F- 16 կործանիչ- ռմբակոծիչներով ՌԴ տարածքի խորքում գտնվող թիրախներին հարվածել. Ա. Հ.):
«Խոսքը գնում է այն մասին, որ որոշում ընդունվի՝ ՆԱՏՕ- ի երկրներն ուղղակիորեն մասնակցո՞ւմ են ռազմական հակամարտությանը, թե՞ ոչ»,- ասել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ եթե որոշումն ընդունվի, դա կփոխի հակամարտության բուն էությունը, բնույթը, և դա կնշանակի, որ ՆԱՏՕ- ի երկրները կռվում են Ռուսաստանի դեմ:
«Իսկ եթե դա այդպես է, ապա, նկատի ունենալով այդ հակամարտության բուն էության փոփոխությունը, մենք համապատասխան որոշումներ կկայացնենք՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն մեզ համար»,- հավելել է ՌԴ նախագահը:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 19229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ